Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/2/2023
share

Ծանր մետաղների առկայությունը ամենօրյա սպառման մթերքներում

Միջազգային Environment International ամսագրում տպագրվել է «Սննդի մեջ ծանր մետաղներով պայմանավորված առողջական ռիսկերը և դրանց տնտեսական բեռը Հայաստանում» հոդվածը, որը ԱՄՆ Եյլի համալսարանի հետ համատեղ տպագրել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնը:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը հանգեցնում է գյուղատնտեսական արտադրանքի ծանր մետաղներով աղտոտվածության, ինչն էլ կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա:

Սա Հայաստանում առաջին փորձն է գնահատման համար օգտագործել անհատական տվյալները ընդհանուր սննդակարգի ուսումնասիրության (TDS) մեթոդով և գնահատել առողջության վրա ազդեցությունները, ինչպիսիք են արյան ճնշման բարձրացումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչում է TDS-ը որպես սննդի մեջ պարունակվող քիմիկատների՝ առողջության ռիսկերի գնահատման ամենաարդյունավետ մեթոդը։

Ուսումնասիրությունն իրականացվել է Երևանում, որտեղ կենտրոնացած է Հայաստանի բնակչության ավելի քան 35%-ը (մոտ 1 միլիոն)։

Հետազոտությունը կենտրոնանում է չորս ծանր մետաղների վրա՝ կապար (Pb), նիկել (Ni), կադմիում (Cd) և սնդիկ (Hg)՝ միավորելով սննդամթերքում ծանր մետաղների, բնակչության սննդամթերքի սպառման, առողջության ռիսկի գնահատման և հիվանդության ծախսերի մասին տեղեկատվությունը: Չափված կոնցենտրացիաները միավորվել են 1195 մարդու սննդակարգի հարցման տվյալների հետ: Արդյունքները արտացոլում են ծանր մետաղների ընդունման գնահատականը օրվա ընթացքում:    

Ըստ հետազոտության՝ մտահոգիչ է կապարի առկայությունը սննդի մեջ: Բնակչության ավելի քան 50 տոկոսը օրական ընդունում է կապար, որը գերազանցում է Սննդամթերքի անվտանգության եվրոպական մարմնի կողմից սահմանված 0,63 /kg/օրական չափաբաժինը։

Սննդամթերքի նմուշառումն իրականացվել է 2019 թվականին՝ Երևանի շուկաներից և մանրածախ առևտրի կետերից: Սննդի ցանկը կազմվել է Հայաստանի մեծահասակների կողմից ամենալայն սպառվող ապրանքներից։ Ուսումնասիրվել է 28 պարենային ապրանք, որոնք դասակարգվել են 8 խմբերում՝ հացաբուլկեղեն, կաթնամթերք, մսամթերք, ձուկ, ձու, մրգեր և բանջարեղեն, սուրճ և ծորակի ջուր։

Հոդվածի հեղինակները նշում են, որ ուսումնասիրության մեջ տեղեկատվություն չկա այն մասին, թե Երևանում սպառվող սննդամթերքը որտեղից է։ Սակայն հայտնի է, որ Երևանի շուկաներում վաճառվող մթերքը հիմնականում աճեցվում է Հայաստանում։ Արդյունքները ցույց են տալիս վտանգները ամբողջ երկրի կտրվածքով: Հատկանշական է, որ ծանր մետաղներից սննդամթերքի աղտոտման վտանգը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է այն համայնքներում, որոնք ապրում են ակտիվ հանքարդյունաբերական կենտրոններին մոտ: Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու ճշգրիտ ուղիները, որոնցով ծանր մետաղները մտնում են սննդի մեջ:

 

 

facebook sharing button facebook